Մաս երրորդ
Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։
— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։
— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։
— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։
— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։
— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։
— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։
— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։
— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։
— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։
— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։
— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։
— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։
— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։
— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։
— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։
— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։
— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։
Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։
— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։
— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։
— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։
— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։
— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։
— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։
— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։
Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.
— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։
Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։
Արտասովոր- անսովոր, տարօրինակ
ամենևին- միանգամայն, բոլորովին
հափշտակություն- ոգևորություն, Որևէ բանով՝ որևէ մեկով տարվելը՝ կլանվելը
շաղ գալ- ցրվել ցրիվ գալ սփռվել տարածվել
Հարցեր և առաջադրանքներ
1.Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
- Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
Իմ կարծիքով տղաների արարքը գողություն էր, որովհետև իրենք Հենդերսոնից կարող էին խնդրել որ նա իրենց հյուրասիրեր:
- Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
Մաս առաջին- Հեղինակավոր Օգին,
Մաս երկրորդ-Ինքնահավան Օգին,
Մաս երրորդ-Ծիրանի գողություն
- Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
Մենք կարատեի խմբով գնում էինք Արատեսի ճամբար: Մենք ճանապարհը ընդհատեցինք ոտքով բարձրացանք Սմբատաբերդ: Մեր ճանապարհորդությունը շատ հետաքրքիր էր և արկածներով լի: Տղաներից մեկը հարմար կոշիկ չէր հագել, և ստիպված եղավ ոտաբոբիկ անցնել այդ ճանապարհը՝ իսկական կարատեիստի նման կոփելով կամքը: Մեր ընկեր էդգարը փոքր էր և հոգնել էր: Մեր Շիհանը էդգարին նստացրեց իր ուսերին և այդպես տարավ մինչև վերջ:
- Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար, առաջնորդ , վճռական, հնազանդ, հռչակավոր :
Ամբար- Շտեմարան, պահեստատեղ, մառան
առաջնորդ -Ղեկավար, գլխավոր, զորավար
վճռական- որոշիչ, բախտորոշ, հատու, կտրուկ
հնազանդ— խելոք, Հպատակ
հռչակավոր — անվանի, մեծահամբավ, նշանավոր, ականավոր:
- Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ :
Վեհանձն— ստոր, նվաստ, տմարդի
Վճռական— անվճռական
Հնազանդ- անհնազանդ, ըմբոստ
Մատղաշ- հասուն, հասած, ծեր, ալևոր, պառավ
խակ – հասած, հասուն: