Երկրորդ ճանապարհորդությունս դեպի լուսին

ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ

ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ

Վերադառնալով Անգլիա՝ ես ինձ խոսք տվի, որ այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարեմ, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել:

Բանը այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին չգիտեմ ինչու փչել էր, իբրև թե աշխարհում գոյություն ունի այնպիսի երկիր, ուր հսկաներ են ապրում:

Նա ինձ խնդրեց անպատճառ գտնել այդ երկիրը և փոխարենը խոստացավ մեծ ժառանգություն թողնել ինձ: Նա հսկաներին տեսնել շատ էր ուզում:

Ես համաձայնեցի, նավը սարքավորեցի, և ճանապարհ ընկանք դեպի Հարավային օվկիանոսը:

Ճանապարհին ոչ մի զարմանալի բանի չպատահեցինք, բացի մի քանի թռչող կանանցից, որոնք թիթեռների պես օդում ճախրում էին:

Բայց տասնութերորդ օրը սարսափելի փոթորիկ սկսվեց:

Քամին այնքան ուժեղ էր, որ մեր նավը բարձրացրեց ջրից և բմբլի պես քշեց օդով:

Շարունակ բարձրացնում էր ու բարձրացնում:

Վեց շաբաթ սլանում էինք ամենաբարձր ամպերի վրայով: Վերջապես մի կլոր ու փայլուն կղզի տեսանք:

Դա, իհարկե, Լուսինն էր:

Մենք հարմար նավահանգիստ գտանք և լուսնափը դուրս եկանք:

Ներքևում, հեռու՜, հեռու՜, մենք տեսանք մի ուրիշ մոլորակ, որի վրա քաղաքներ, անտառներ, սարեր, ծովեր և գետեր կային: Մենք գլխի ընկանք, որ դա մեր թողած Երկիրն է:

Լուսնի վրա մեզ շրջապատեցին ինչ – որ հսկաներ, որոնք նստել էին եռագլուխ արծիվների վրա:

Լուսնի բնակիչների համար այդ թռչուններն իբրև ձի էին ծառայում:

Հենց այդ ժամանակ Լուսնի թագավորը պատերազմում էր Արեգակի կայսեր հետ:

Նա իսկույն ինձ առաջարկեց իր բանակի գլուխն անցնել և պատերազմ գնալ, բայց ես, իհարկե, կտրականապես մերժեցի:

Լուսնի վրա ամեն բան շատ ավելի մեծ է, քան մեզ մոտ՝ երկրի վրա:

Այնտեղ ճանճերը ոչխարի չափ են, խնձորը ձմերուկից փոքր չէ:

Զենքի փոխարեն Լուսնի բնակիչները բողկ են գործածում իբրև նիզակ: Իսկ երբ բողկ չկա, նրանք աղավնու ձվերով են կռվում: Վահանի փոխարեն կարմիր ճանճասպան սունկն են գործածում:

Այնտեղ ես տեսա հեռու աստղի մի քանի բնակիչներ: Նրանք եկել էին Լուսնի վրա առևտուր անելու: Նրանց դեմքը շան մռութի էր նման, աչքերն էլ տեղավորված էին կամ քթի ծայրին, կամ քթածակերի տակ: Նրանք արտևանունքներ չունեին, երբ որ պառկում էին քնելու, աչքերը լեզվով էին ծածկում:

Լուսնի բնակիչներն ուտելու վրա բոլորովին ժամանակ չեն կորցնում: Նրանց փորի ձախ կողմում հատուկ դուռ կա: Այդ դուռը բաց են անում և կերակուրը դնում: Հետո դուռը փակում են մինչև մյուս ճաշի ժամանակ, որ լինում է ամիսը մի անգամ:

Նրանք ընդամենը տարեկան տասներկու անգամ են ճաշում:

Այդ շատ հարմար է, բայց դժվար թե երկրային շատակերները համաձայնեն այդքան ուշ – ուշ ճաշել:

Լուսնի բնակիչներն աճում են ուղղակի ծառերի վրա: Այդ ծառերը շատ գեղեցիկ են. Բաց կարմիր գույնի ճյուղեր ունեն: Ճյուղերի վրա չափազանց ամուր կևեղ ունեցող ընկույզ է աճում:

Երբ ընկույզները հասնում են, զգուշությամբ հավաքում են ծառերից և մառանում պահում:

Հենց որ Լուսնի թագավորին մարդիկ են հարկավոր գալիս, հրամայում է այդ ընկույզները եռացող ջրի մեջ գցել:

Մի ժամից հետո ընկույզները պայթում են, և նրանցից դուրս են ցատկում բոլորովին պատրաստի Լուսնի մարդիկ: Այդ մարդիկ սովորելու կարիք չեն զգում: Նրանք միանգամից մեծահասակ են ծնվում, և ամեն մեկն իր արհեստը գիտե: Մի ընկույզից ծխնելույզ մաքրող է դուրս գալիս, մյուսից՝ արգան նվագող, երրորդիվ՝ պաղպաղակ ծախող, չորրորդից՝ զինվոր, հինգերորդից՝ խոհարար, վեցերորդից ՝ դերձակ:

Եվ յուրաքանչյուրն իսկույն սկսում է իր գործը՝ ծխնելույզ մաքրողը կտուրն է բարձրանում, նվագողն սկսում է նվագել, պաղպաղակ վաճառողն սկսում է գոչել, «տաք պաղպաղակ, տաք պաղպաղակ» (որովհետև Լուսնի վրա սառույցը կրակից տաք է), խոհարարը դեպի խոհանոցն է վազում, զինվորը դեպի թշնամին հրացան է արձակում:

Ծերանալուց հետո Լուսնի մարդիկ չեն մեռնում, այլ հալվում են օդի մեջ, ինչպես ծուխ կամ գոլորշի:

Նրանց յուրաքանչյուր ձեռքի վրա միայն մի մատ կա, բայց աշխատում են այնպես լավ, ինչպես մենք՝ հինգ մատով:

Նրանք իրենց գլուխը պահում են կռնատակին և տեղ գնալիս թողնում են տանը, որ ճանապարհին չփչանա:

Նրանք կարող են խորհրդակցել իրենց գլխի հետ մինչև անգամ այն դեպքում, երբ շատ հեռու են գտնվում: Սա շատ հարմար բան է:

Երբ թագավորն ուզում է իմանալ, թե ժողովուրդն իր մասին ինչ է մտածում, մնում է տանը, պառկում գահավորակի վրա, իսկ գլուխն աննկատելի կերպով մտնում է ուրիշի տները և լսում բոլոր խոսակցությունները:

Լուսնի խաղողը կարկուտից ոչնչով չի տարբերվում:

Ես չեմ կասկածում, որ այն կարկուտը, որ երբեմն թափվում է, Երկրի վրա, նույն Լուսնի խաղողն է, որ փոթորիկը պոկում է Լուսնի դաշտերից:

Եթե ուզում ես Լուսնի գինու համը տեսնել, մի քանի կարկուտ վերցրեք և թողեք, որ լավ հալչի:

Լուսնի բնակիչների համար փորն իբրև պայուսակ է ծառայում: Նրանք, երբ ուզեն, կարող են փակել կամ բաց անել և մեջն ինչ ուզեն՝ դնեն: Նրանք ոչ ստամոքս ունեն, ոչ փայծաղ, ոչ սիրտ, նրանց ներսը բոլորովին դատարկ է:

Նրանք իրենց աչքերը կարող են հանել ու դնել: Աչքը ձեռքին՝ նրանք այնքան լավ են տեսնում, ինչպես գլխի վրա եղած ժամանակ: Եթե աչքը փչանում է կամ կորչում, նրանք շուկա են գնում ու նորը գնում: Այդ պատճառով էլ Լուսնի վրա աչքավաճառներ շատ կան: Այնտեղ հենց էն է ցուցանակների վրա կկարդաս. «էժան գնով աչքեր են ծախում, տեսակ – տեսակ աչքեր` նարնջագույն, կարմիր, շուշանագույն, կապույտ»: Ամեն տարի Լուսնի բնակիչներն աչքի գույնի նոր մոդա ունեն:

Այն տարին, երբ Լուսնի վրա էի, մոդան կանաչ և դեղին գույնի աչքերն էին:

Բայց ինչու՞ եք ծիծաղում: Մի՞թե դուք կարծում եք, որ ես սուտ եմ ասում:
Ոչ, իմ ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է, իսկ եթե չեք հավատում, ինքներդ գնացեք այնտեղ և դուք կիմանաք, որ ես ինձանից բան չեմ հնարում, այլ միայն ճշմարտություն եմ պատմում:

 

 

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

ժառանգություն -Տիրոջ մահվանից հետո մնացած և ուրիշին հանձնված՝ ժառանգված նյութական հարստություն՝ ունեցվածք,

լուսնափ-Լուսնի ափ՝ եզերք՝ ծայր

կտրականապես- կտրուկ կերպով

մառան-Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար

արտևանունքներ- աչքի թարթիչները

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը.

Ճանապարհորդ, oդ , օդ, աչք, էժան, խորհրդակցել, պառկել, շնորհակալություն, կռնատակ, ընկույզ, արտևանունք

  1. Գտի՛ր նշված բառերի հոմանիշները (նույն իմաստն արտահայտող)

Ազգական- Արյունակից, հարազատ, բարեկամ

Համաձայնել- համակարծիք լինել, Միաբանել

Հնարել- Հորինել

Կտուր- Երդիկ, տանիք, ծածկ

Խորհրդակցել- Բանակցել, խորհուրդ անել

Նիզակ- Գեղարդ, տեգ,

Փայլուն- պսպղուն, պսպղան, պայծառ, շողուն

 

  1. Գտի՛ր նշված բառերի հականիշները(հակառակ իմաստն արտահայտող)

Հարուստ-աղքատ

Ճշմարտություն-խաբեություն

Մերժել-համաձայնվել

Վաճառել-առնել

Դատարկ-լիքը

Հսկա-փոքր

  1. Գտիր 10  ածանցավոր բառ, առանձնացրու՛ արմատներն  ու ածանցները: Արմատներով կազմիր նոր բառեր:

Անպատճառ, ան+պատճառ, պատճաբանություն

Ժառանգություն, ժառանգ + ություն, թագաժառանգ

Սարսափելի ,  Սարսափ+ելի, սարսափած

Զարմանալ, զարմանք + ալ, զարմանահրաշ

Ճշմարտություն, ճշմարիտ+ություն, ճշմարտախոս

Երկրային, երկիր+ային, երկրագունդ

բոլորովին, բոլոր+ովին, շուրջբոլոր

հինգերորդ, հինգ+երորդ, տասնհինգ

ամենաբարձր, ամենա+բարձր, բարձրահասակ

ճանապարհորդություն, ճանապարհ+որդություն, ճանապարհանշան

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s